Օձունի եկեղեցու արտաքին սրահների տանիքի բացակայությունը վտանգում է համալիրի սեյսմակայունությունը
28.04.2020 | 00:24
Թեև Օձունի սուրբ Աստվածածին եկեղեցին վերջերս է հիմնանորոգվել ու ամրակայվել, բայց արտաքին եռակողմ սրահները, որոնք ամենաշատ պահպանվածությունն ունեն նմանատիպ կառույցներից, դեռևս ամբողջական տեսքով չեն ներկայանում այցելուներին։ Օձունի հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանն ասում է, որ դրանց ամբողջացումը կմեծացնի եկեղեցու հենման մակերեսն ու առավել սեյսմակայուն կդարձնի եկեղեցին։ «Այդ թվում կլուծի ծածկասալերից որմնակամարներին թափվող ու որմնակամարներն ու պատերը քայքայող անձրևաջրերի հիմնախնդիրը։ Հուսով ենք, որ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամները կառուցողական մոտեցում կցուցաբերեն, անհրաժեշտ գումարը կհայթայթվի, ու Օձունի վսեմաշուք տաճարն ամբողջական տեսքով կներկայանա տեղացի և օտարազգի այցելուներին»,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է տեր Վրթանեսը:
Սուրբ Աստվածածնից կես կիլոմետր արևելք է գտնվում 5-րդ դարի Ծիրանավոր Ծաղկավանքը: Դեբեդի կիրճի վրա կախված եկեղեցին մեզ է հասել կիսավեր վիճակում, նրա արտաքինը հուշում է՝ դարերի ընթացքում այն նորոգվել ու փոփոխությունների է ենթարկվել:
«Եթե ուշադիր նայենք, կտեսնենք եկեղեցու ծիրանագույն քարերով կամարները: Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ այս կամարները կապել է Հովհան Օձնեցին, հետագա դարերում կամարները փակվել են, ու այն դարձել է ավանդատուն»,- նշում է քահանան:
Ծիրանավոր Ծաղկավանքի մասին, ցավոք, հիշատակումները քիչ են, զուսպ ճարտարապետությամբ այս կոթողը, որ գիժ Դեբեդի լուռ զրուցակիցն է, սպասում է վերանորոգման իր օրվան:
Ծաղկավանքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էլ Արդվու Կարմիր ժամն է՝ միջնադարյան Հայաստանի եկեղեցական ճարտարապետության գոհարներից: 5-9-րդ դարերին թվագրվող միանավ բազիլիկ եկեղեցին նույնպես կարոտ է վերանորոգման ու ամրակայման: Եկեղեցու պատերը յուրաքանչյուր պահի կարող են փլուզվել, վիճակն օրհասական է: Թե՛ Ծաղկավանքը, թե՛ Կարմիր ժամը պետության հոգածության ներքո են, ու լիահույս ենք, որ այս հրապարակումից հետո համապատասխան գերատեսչություններն ու հուշարձանների պահպանությամբ մտահոգ մարդիկ ականջալուր կլինեն արժեքավոր մշակութային կոթողների պահպանության և հանրահռչակման հարցին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ